Վարդան Այգեկցի (XII-XIIIդդ.)




Վարդան Այգեկցին (Մարաթացի) սովորել է ծննդավայրում, ապա՝ Սև լեռների Արքակաղին վանքում: Ուսումն ավարտելուց և վարդապետ ձեռնադրվելուց հետո զբաղվել է քարոզչությամբ Ամիթում, ապա՝ Տլուքում: 1198 թ-ին մասնակցել է Կիլիկիայի Լևոն Բ Մեծ արքայի թագադրության հանդեսին: Ենթադրվում է, որ եղել է Լամբրոնի արքեպիսկոպոս և Սկևռայի վանքի առաջնորդ: Ինչ-ինչ պատճառներով հալածվել է և 1208 թ-ին հարկադրված հեռացել վանքից: 1210 թ-ից մինչև կյանքի վերջն ապրել ու գործել է Սև լեռների Այգեկ (այստեղից էլ՝ Այգեկցի մականունը) վանքում:

Վարդան Այգեկցին գրել է բազմաթիվ ճառեր, թղթեր, խրատներ, կազմել է «Արմատ հավատոն» (1205 թ.), որը հայ և օտար եկեղեցական մատենագրություններից քաղված վկայությունների ժողովածու է: Պայքարել է քաղկեդոնականության դեմ, ջատագովել է հայ ժողովրդի ազգային ու բարոյական նկարագրի անաղարտությունը, քարոզներում ու խրատներում պարսավել է մարդկային արատները, հանդես եկել ժողովրդական խավերի իրավունքների պաշտպանությամբ:

Այգեկցին իր ճառերն ու քարոզները լսելի, ազդեցիկ և ընկալելի դարձնելու համար համեմել է առակներով: Խրատական ճառերում վերամշակել և օգտագործել է «Բարոյախոս» ժողովածուն, Եզոպոսի և հայ ժողովրդական առակներից, ժողովրդի կյանքն ու կենցաղը պատկերող բանավոր զրույցներ, որոնք   փոքրիկ նովելներ են, զվարճալի ու խրատական պատմություններ: Իր մշակած և հեղինակած (ավելի քան 3 տասնյակ) առակներն ու զրույցներն Այգեկցին ամփոփել է առանձին ժողովածուներում: 





Այգեկցու առակներում աշխարհը շենացնող տքնաջան աշխատանքն ամեն ինչից բարձր է դասվում («Ոսկին և ցորենը», «Եկեղեցի և ջրաղաց», «Եզն և ձի»): «Կտակ գանձի մասին» առակում աղքատ ու իմաստուն հայրը, իբր այգում թաղված գանձը գտնելու նպատակով, իր ծույլ որդիներին ստիպում է վարել հողը: Եվ այդ աշխատանքն իսկապես գանձ է  դառնում, քանի որ այգին աճում և առատ բերք է տալիս: Հետևաբար՝ իսկական գանձը բարեբեր աշխատանքն է:


Վարդան Այգեկցին ապրել է XII-XIII դարերում: Նա ծնվել է Կիլիկիային արևելյան կողմից սահմանակից Տլուք գավառի Մարաթա բնակավայրում: Մատենագրության մեջ նա երբեմն կոչվում է Վարդան Մարաթացի:
Կրթություն է ստացել Կիլիկիայի Արքակաղին վանքում, արժանացել վարդապետական աստիճանի: Վարդան Այգեկցին եղել է քարոզիչ վարդապետ, շրջել է բնակավայրից բնակավայր և քարոզներ ասել հայ բնակչության համար, եղել է ճանաչված հեղինակավոր հոգևորական:
Հայտնի է, որ 1198 թվականին Վարդան Այգեկցին ներկա է եղել Կիլիկիայի Լևոն Բ թագավորի թագադրման արարողությանը:
Նա 1210 թվականից գործել է Այգեկ վանքում: Այստեղից էլ ստացել է Այգեկցի մականունը:

Комментарии

Популярные сообщения