Անդրանիկ Օզանյան. անպարտելի հայ զորավարը

Հայոց պատմության էջերը հարուստ են բացառիկ իրադարձություներով և հերոսական դեմքերով, յուրաքանչյուրիս պարտքն է գնահատել մեր երևելի անցյալը, մեր վեհ նախնիներին, նրանց վարքը ճանաչել և դասեր քազել: Այսօր գրեթե բոլոր հայ երիտասարդներին (հուսով եմ, որ բոլորն անխտիր) քաջածանոթ է Անդրանիկ զորավարի անունը: Այս հոդվածը նպատակ ունի առավել մանրամասն տեղեկություններ հաղորդել հայազգի հայդուկապետի մասին: Անդրանիկ Թորոսի Օզանյանը, որը հայտնի է նաև Անդրանիկ Փաշա ու Զորավար Անդրանիկ անուններով, ծնվել է 1865 թվականին Շապին Գարահիսարում: Նախնական կրթությունը ստանցել է Մուշեղյան վարժարանում, այն ավերտելուց մոտ մեկ տարի անց բանտարկվել է` տեղաբնակ հայերին ահաբեկող թուրք ժանդարմին ծեծելու համար: Պատանուն հաջողվում է փախչել բանտից, ապա անցնել Կ. Պոլիս, այստեղից էլ` Արևմտահայաստան: Շուտով Անդրանիկը համալրում է ժողովրդի կողմից սիրված հայդուկ Աղբյուր Սերոբի ջոկատի շարքերը` կարճ ժամանակում դառնալով թուրքական զորքերի դեմ կռվող հայկական մի քանի զորախմբերի հրամանատար: 1902-1904թթ Անդրանիկի գլխավորությամբ հայ ջոկատները հաջող մարտեր են մղել թուրքական զորքերի դեմ Սասունում, Տարոնում ու Վասպուրականում:

Զորավար Անդրանիկ-145. «Իմ կուսակցութիւնն իմ ազգն է»

«Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց եւ քնանալուց առաջ, յիշէք, թէ այդ օրը ինչ էք արել ձեր ազգի համար»: «Իմ կուսակցութիւնն իմ ազգն է»: «Մահս չեմ յոգար, այլ գործս, որ կիսատ մնաց»… Զորավար Անդրանիկ:


Այսօր Զորավար Անդրանիկի` Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է` 145-ամյակը:
1865 թվականի փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում ծնվեց զորահրամանատար և ազգային հերոս, Հայոց ազատագրական շարժման խորհրդանիշներից մեկը` Անդրանիկ Օզանյանը: Տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց 1 տարի անց բանտարկվում է հայ բնակչությանը ահաբեկող ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ Բանտից հաջող փախուստ իրականացնելով՝ Անդրանիկը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, բայց շուտով վերադառնում է Արևմտյան Հայաստան, իսկ հետո էլ ուղևորվում է Ղրիմ ու Կովկաս՝ հայկական մարտական ջոկատներին զենք հասցնելու համար։


Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտնում է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի (Աղբյուր Սերոբ) պարտիզանական ջոկատը և դառնում թուրքական ջարդարարների ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը։ Գլխավորել է 1901 թ. Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904 թթ. Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մահմեդականների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։ 1905 թ. Անդրանիկն անցնում է Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկում էր օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։ Դրանից հետո Անդրանիկը մեկնել է երկարատև ճանապարհորդության, որի ընթացքում այցելել է Ֆրանսիա, Շվեյցարիա, Բելգիա, Անգլիա, Բուլղարիա և Իրան՝ հանրությանը տեղեկացնելով Արևմտահայաստանի հայերի ազգային-ազատագրական պայքարի ու դրա հետ կապված զենքի ձեռք բերման անհրաժեշտության մասին։ 1912 թ. Անդրանիկը հայ կամավորներից կազմակերպում է վաշտ, որը մտնում է բուլղարական բանակի աշխարհազորի կազմի մեջ։


Առաջին Աշխարհամարտը սկսվելուն պես Անդրանիկը շտապում է Կովկաս։ 1914 թ. օգոստոսի 12-ին Թիֆլիսում նա հանդիպում է Կովկասյան ռազմական շրջանի զորքերի գերագույն հրամանատար Միշլաևսկուն ու հայտնում է Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու պատրաստակամության մասին։ Անդրանիկին հանձնարարվում է ձևավորել և գլխավորել առաջին հայկական կամավորական գունդը։ Այդ գնդի գլուխ կանգնած՝ Անդրանիկը անհավասար մարտեր է մղում թուրքական զորքերի դեմ ու հեղինակություն է նվաճում ռուսական ռազմական հրամանատարության շրջանում։


Գեներալ-լեյտենանտ Չերնոզուբովը, մասնավորապես, գրում էր. «Ես միշտ հանձինս Անդրանիկի տեսնում էի ջերմ հայրենասերին, Հայաստանի ազատության մարտիկին, որ խորապես սիրում է իր Հայրենիքը։ Ես առանձնակի հաճույքով էի միշտ կարդում ռուսերեն թարգմանությամբ քաղվածքները հայկական թերթերի հոդվածներից, որտեղ Անդրանիկին հարգանք էր մատուցվում՝ իբրև ազգային հերոսի, որն իր գլուխը միշտ քաջաբար պահեց Հայաստանի դարավոր թշնամու դեմ պայքարում` ազգային իդեալները իրագործելու համար»։


Իսկ ռուս հայտնի զորավար Յուդենիչը Անդրանիկի մասին ասել է, որ նա «խենթի պես քաջ է»։
1915-1916 թթ. Կովկասյան ճակատի մարտերում ցուցաբերած անձնական արիության և հայկական գնդի հաջողությունների համար Անդրանիկը պարգևատրվում է Գեորգիևյան 4-րդ աստիճանի մեդալով, Գեորգիևյան 4-րդ և 3-րդ աստիճանի խաչերով, Սբ. Ստանիսլավի 2-րդ աստիճանի սրի և Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշաններով։
Անդրանիկը վիթխարի դեր է խաղացել Զանգեզուրի պաշտպանությունում։ Չհաշտվելով դաշնակցական կառավարության հետ` 1919 թ. ապրիլին, Զանգեզուրից հասնում է Էջմիածին, ցրում իր զորամասը, ունեցվածքը հանձնում կաթողիկոսին և մեկնում արտասահման։


Անդրանիկը մահացել է 1927 թ. օգոստոսի 30/31-ին ԱՄՆ-ում` սրտի կաթվածից և թաղվել Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928 թ. հունվարին նրա աճյունը փոխադրվել է Փարիզ և վերաթաղվել Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ 2000 թ. այն տեղափոխվել է Հայաստան` Երևանի Եռաբլուր պանթեոն։


Զորավարի ծննդյան առիթով այսօր անցկացվելու են մի շարք միջոցառումներ. Հայաստանի մշակույթի նախարարությունը, նվիրված Անդրանիկ Օզանյանի ծննդյան 145-ամյակին, կազմակերպում է այց Եռաբլուր պանթեոն, որտեղ հարգանքի տուրք կմատուցվի: Միջոցառում է կազմակերպվելու նաև Արագածոտնի մարզի Ուջան գյուղում. 1919 թվականին Ուջան են հասնում ու բնակություն հաստատում Մեծ եղեռնի սրից փրկված մի խումբ բռնագաղթվածներ, որոնք հիմնականում Զորավար Անդրանիկի զինակիցներն են եղել:
Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտնում է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի (Աղբյուր Սերոբ) պարտիզանական ջոկատը և դառնում թուրքական ջարդարարների ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը։ Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլի սպանությունը, 1901թ.-ի Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904թթ. Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մահմեդականների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։

1905թ. Անդրանիկն անցնում է Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկում է օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։ Դրանից հետո Անդրանիկը մեկնում է երկարատև ճանապարհորդության, որի ընթացքում լինում է Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Անգլիայում, Բուլղարիայում և Իրանում՝ հանրությանը տեղեկացնելով Արևմտահայաստանի հայերի ազգային-ազատագրական պայքարի ու զենքի ձեռք բերման անհրաժեշտության մասին։

Բուլղարիայում Անդրանիկը գրում է իր «Մարտական հրահանգներ»-ը`   ընդհանրացնելով պարտիզանական պայքարի փորձը։ Հետագայում այդ փորձը ծառայեց բուլղարացիներին Առաջին բալկանյան պատերազմի ժամանակ։ 1912թ.-ին Անդրանիկը հայ կամավորներից կազմակերպում է վաշտ, որը մտնում է բուլղարական բանակի աշխարհազորի կազմի մեջ։ Հայ ռազմիկները հերոսություն են ցուցաբերում Միսթանլի, Ուզուն, Մերեֆտե, Շար-Կիո և այլ քաղաքների համար մղված մարտերում։
 
Անդրանիկը մասնակցում է գեներալ Յավեր փաշայի թուրքական կորպուսի դեմ ջախջախմանը։ Բուլղարական հրամանատարությունը բարձր է գնահատում հայկական վաշտի մասնակցությունն Առաջին Բալկանյան պատերազմին։ Առաջին Աշխարհամարտն սկսվելուն պես Անդրանիկը շտապում է Կովկաս։ 1914թ. օգոստոսի 12-ին Թիֆլիսում նա հանդիպում է Կովկասյան ռազմական շրջանի զորքերի գերագույն հրամանատար Միշլաևսկուն ու հայտնում է Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու պատրաստակամության մասին։ 
 
Անդրանիկին հանձնարարվում է ձևավորել և գլխավորել առաջին հայկական կամավորական գունդը։ Այդ գնդի գլուխ կանգնած՝ Անդրանիկը անհավասար մարտեր է մղում թուրքական զորքերի դեմ: Զորավարը մեծ հեղինակություն էր վայելում ռուսական ռազմական հրամանատարության շրջանում, այսպես՝ գեներալ-լեյտենանտ Չերնոզուբովը գրում է. «Ես միշտ, հանձին Անդրանիկի, տեսնում էի ջերմ հայրենասերին, Հայաստանի ազատության մարտիկին, ով խորապես սիրում է իր Հայրենիքը։
 
Ես առանձնակի հաճույքով էի կարդում ռուսերեն թարգմանությամբ քաղվածքները հայկական թերթերի հոդվածներից, որտեղ Անդրանիկին հարգանք էր մատուցվում իբրև ազգային հերոսի, ով իր գլուխը միշտ քաջաբար պահեց Հայաստանի դարավոր թշնամու դեմ պայքարում ազգային իդեալները իրագործելու համար»։ Մյուս, ոչ պակաս հայտնի ռուս զորավար Յուդենիչը Անդրանիկի մասին ասել է, որ նա «խենթի պես քաջ է»։
 
Զորավար Անդրանիկը մահացել է 1927թ. օգոստոսի 31-ին Չիքո (Սակրամենտոյի մոտ) քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրում սրտի կաթվածից և սեպտեմբերին թաղվել Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928թ. հունվարին նրա աճյունը փոխադրվել է Փարիզ և վերաթաղվել Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց (2000թ.) աճյունը տեղափոխվել է հայրենիք, ամփոփվել Երևանի Եռաբլուր պանթեոնում։
 
Անդրանիկի անունով են կոչվում հրապարակներ, փողոցներ, դպրոցներ, նրա պատվին տեղադրված են արձաններ և հուշատախտակներ աշխարհի մի շարք երկրներում (Հայաստան, Բուլղարիա, Ֆրանսիա, Ռումինիա)։ Զորավարին են նվիրված մեծ թվով ժողովրդական ստեղծագործություններ, գրքեր և հոդվածներ տարբեր լեզուներով։

Առաքելոց վանքի կռիվը
1890-ական թթ. սուլթան Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի զանգվածային ջարդերից հետո թվում էր, թե արևմտահայությունն ի վիճակի չէ դիմադրել օսմանյան բռնապետությանը և համակերպվել է իր դրության հետ: Սակայն արևմտահայությանը չէր լքել ազատագրվելու գաղափարը: Երկյուղելով նոր ելույթներից՝ թուրքական կառավարությունը միջոցների է դիմում արգելելու ազատագրական շարժումները: Այդ նպատակով օսմանյան իշխանությունները Կովկասից ստվար թվով մահմեդական ժողովուրդների են բնակեցնում Արևմտյան Հայաստանում:
Հայ բնակչությանը մնում էր միայն իր իրավունքները պաշտպանել զինված պայքարի միջոցով: Զոհված հայդուկներին փոխարինելու են գալիս նորերը: Օսմանյան բռնապետության դեմ ուղղված շարժումը շարունակում էին ղեկավարել ազգային կուսակցությունները՝ հատկապես Դաշնակցությունը: Աղբյուր Սերոբի սպանությունից հետո արևմտահայության ինքնապաշտպանության գործի կազմակերպումը Տարոնում գլխավորում են Անդրանիկն ու Հրայրը:
Ժողովրդի մարտական ոգին բարձրացնելու նպատակով Անդրանիկը 37 հայդուկների հետ որոշում է ամրանալ Մուշ քաղաքից ոչ հեռու գտնվող Առաքելոց վանքում: Նման բացահայտ մարտահրավերով Անդրանիկը և Գևորգ Չաուշը ապացուցում էին, որ պայքարը շարունակվում է:
1901թ. նոյեմբերի 3-ին հայդուկները հասնում են Առաքելոց վանք: Նրանց են միանում երկու տասնյակ զինված գյուղացիներ: Միացյալ ուժերով նրանք ձեռնամուխ են լինում վանքի ամրացման աշխատանքներին:
Օսմանյան իշխանությունները, տեղեկանալով այդ մասին, զորք են ուղարկում վանքում ամրացած հայդուկներին պատժելու համար: Թուրք զինվորները և նրանց միացած մահմեդական զինված ջոկատները վանքն ամուր օղակում են: Եկուստեք փոխհրաձգություն է սկսվում: Չնայած կառավարական ուժերի թվային մեծ գերակշռությանը, նրանց չի հաջողվում գրավել վանքը: Բազմաթիվ թուրք զինվորներ են ընկնում վանքը գրոհելիս:
Տեսնելով, որ զենքի ուժով հնարավոր չէ ընկճել հայերին, թուրքական հրամանատարությունը դիմում է բանակցությունների` առաջարկելով նրանց ներկայացնել իրենց պահանջները:
Առաքելոց վանք մտած կառավարական պատվիրակությանը Անդրանիկը ներկայացնում է իրենց պահանջները: Դրանք էին՝ ներում շնորհել քաղաքական բանտարկյալներին, տասանորդ տուրքի հավաքումը կատարել հայ գյուղացիների միջոցով, քրդերի զավթած գյուղերը վերադարձնել իրենց տերերին, զինաթափել հայկական բնակավայրերը ասպատակող քուրդ ելուզակներին և այլն:
Ներկայացված պահանջներից կատարվում է միայն առաջինը: Բանտից ազատ են արձակվում 31 հայ բանտարկյալներ: Սակայն պատվիրակության հեռանալուց հետո հակառակորդը վերսկսում է հրաձգությունը, և մարտը բորբոքվում է նոր թափով: Թուրքական անընդմեջ հարձակումներն ապարդյուն էին: Հակառակորդին չի հաջողվում ճեղքել հայերի պաշտպանությունը: Թուրքերի բանակատեղիում համաճարակ է բռնկվում: Հայերի դրությունը ևս ծանր էր, սպառվում էր զինամթերքը: Ուստի Անդրանիկն ու իր զինակիցները որոշում են ճեղքել պաշարումը: 1901թ. նոյեմբերի 27-ի ձյունածածկ գիշերը, քողարկվելով սպիտակ սավաններով, հայդուկները կարողանում են դուրս գալ վանքից և հեռանալ:
Առաքելոց վանքի կռիվը լայն արձագանք գտավ: Այն ցույց տվեց, որ համիդյան ջարդերը չեն կարողացել մարել արևմտահայության ազատատենչ ոգին: Սկսվում է հայկական ուժերի համախմբում: Արևմտյան Հայաստանում ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակով կազմվում է ղեկավար կենտրոն:
Սասունի ինքնապաշտպանությունըՕսմանյան իշխանությունները, տակավին 1894թ. չկարողանալով ընկճել սասունցիների դիմադրությունը, վճռում են նոր արշավանք կազմակերպել: Դրանով նրանք ձգտում էին վերացնել արևմտահայության ազատագրական կարևոր կենտրոններից մեկը:
Այդ ծրագիրն իրականացնելու համար իշխանությունները 1902-1904 թթ. ընթացքում սկսում են զորամասեր տեղափոխել Մշո դաշտ և Սասուն: Զորքերի թիվը հասցվում է 10 հազարի: Նրանց են միանում շրջակա քրդական մի քանի ցեղեր: Կառավարության նախապատրաստություններն աննկատ չեն մնում սասունցիներից: Նրանք ևս դիմում են նախազգուշական միջոցների: Հայ ազգային կուսակցությունները, անհանգստացած Արևմտյան Հայաստանից եկող տագնապալի լուրերից, որոշում են օգնություն ուղարկել Սասուն: 1902-1904թթ. Դաշնակցություն և Հնչակյան կուսակցությունները կազմակերպում են հայդուկային և զինատար խմբերի անցումը Արևմտյան Հայաստան:
ՀՅ Դաշնակցության հանձնարարությամբ Մենակը (Եգոր Առուստամյան) 1903թ. հետախուզեց Սասուն օգնություն հասցնելու ճանապարհները: Նույն թվականի գարնանը ռուս-թուրքական սահմանն անցան դաշնակցական մի քանի ջոկատներ: Նրանցից միայն Թորգոմի (Թուման Թումյանց) 23 հոգուց բաղկացած հեծելաջոկատին հաջողվեց հասնել Սասուն: Նրանց հայտնվելը մեծ ոգևորություն առաջացրեց: Սակայն հայ ազգային կուսակցություններին չի հաջողվում անհրաժեշտ օգնությունը հասցնել Սասուն: Գրեթե բոլոր խմբերը, ճանապարհին մարտի բռնվելով ռուս սահմանապահների, թուրքական զորքի և քրդական ջոկատների հետ, չեն հասնում իրենց նպատակին: Չի հաջողվում Սասուն ուղարկել նախատեսված օգնությունը:
1903 թ. աշնանը Սասունի Գելիեգուզան գյուղում տեղի ունեցավ ինքնապաշտպանության կազմակերպիչների և մի շարք գյուղերի ավագների ու քահանաների ժողով: Ընտրվեց զինվորական խորհուրդ: Նրա անդամներն էին Անդրանիկը, Սեպուհը (Արշակ Ներսիսյան), Կայծակ Առաքելը (Տիգրան Աբաջյան), Սեբաստացի Մուրադը, Սմբատը և ուրիշներ: Ինքնապաշտպանության ղեկավար ընտրվեց Անդրանիկը:
Զինվորական խորհուրդը մեծ զգուշությամբ, կառավարությունից գաղտնի, նախապատրաստվում է դիմադրությանը: Միաժամանակ քայլեր էին ձեռնարկվում, որպեսզի հարկադրեն սուլթանին հրաժարվել Սասունի վրա արշավելուց:
Թուրքական կառավարությունը հայերի դեմ ուղարկում է թնդանոթներով և գնդացիրներով զինված 10 հազար զինվոր: Նրանց էին միացել 5 հազար զինված քրդեր: Թշնամուն դիմագրավում էին 200 հայդուկ և 1000 սասունցիներ: Նրանք պաշտպանում էին տեղի 12 հազարի հասնող բնակչությանը:
1904թ. ապրիլի 1-ին սկսվում է Սասունի վրա օսմանյան ուժերի հարձակումը հյուսիսից և հարավից: Նրանց դիմագրավում էին Հրայրի և Գևորգ Չաուշի ուժերը: Հայ ինքնապաշտպանները նահանջում են Տալվորիկ: Ապրիլի 6-ին թուրքերն անցնում են լայնածավալ հարձակման: Հրայրն իր մարտիկներով կարողանում է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը: Թուրքերը, սակայն, լրացուցիչ ուժեր են կենտրոնացնում և հրետանու կրակի ներքո անցնում են հարձակման: Չկարողանալով դիմագրավել թշնամուն՝ Հրայրը մի քանի գյուղերի բնակչության հետ նահանջում է Գելիեգուզան, որի ժամանակ էլ սպանվում է: Զոհվեց հայ ազատագրական պայքարի ամենապայծառ ռահվիրաներից մեկը: Հրայրին թաղում են Աղբյուր Սերոբի կողքին, Գելիեգուզան գյուղում:
Սասունցիներին հաջողվում է կանգնեցնել հակառակորդի հարձակումը: Նրանք հարկադրում են թուրքերին նահանջել մինչև Շենիկ:
Ապրիլի 15-ին օսմանյան հրամանատարությունը նախաձեռնում է նոր հարձակում: Հայերը ստիպված էին դիմագրավել 20 անգամ գերազանցող ուժերին: Հակառակորդին հաջողվում է ծանր մարտերով մոտենալ Գելիեգուզանին: Սասունցիների ինքնապաշտպանության վերջին օջախը պաշտպանում էին Անդրանիկի գլխավորած մարտիկները: Ի վերջո զգացվում է զինամթերքի պակասը, և ինքնապաշտպանները ստիպված են լինում տեղի տալ: Ապրիլի 22-ին թուրքական զորքերը գրավում են Գելիեգուզանը: Ինքնապաշտպանները 10 օր շարունակ անհավասար մարտեր են մղում՝ ապահովելով խաղաղ բնակչության նահանջը Մշո դաշտի հայկական գյուղերը:
Դիմադրական կռիվները շարունակվում են մինչև 1904թ. հուլիսի կեսերը: Հայերը շարունակում են մի շարք հաղթանակներ տանել: Ուժերը, սակայն, անհավասար էին: Թուրքական բանակին և քրդական ջոկատներին հաջողվում է ճնշել հայերի ինքնապաշտպանությունը: 1904թ. Սասունի ինքնապաշտպանությունն ավարտվում է հայերի պարտությամբ:
Օսմանյան իշխանությունները փորձում են սասունցիներին վերաբնակեցնել Մշո դաշտում: Լեռնականները, սակայն, ոչ միայն մերժեցին կատարել նրանց պահանջը, այլև սպառնացին կրկին զենքի դիմել: Ի վերջո իշխանությունները հարկադրված էին տեղի տալ և թույլատրել սասունցիներին վերադառնալ:
Սասունում հայերն ունեցան շուրջ 7 հազար սպանված: Ավերվեց և թալանվեց 42 գյուղ:

Ինքնապաշտպանության ընթացքում Եւրոպայի տերություններին ուղղված օգնության դիմումներն ու խնդրագրերը մնացին անպատասխան: Նրանք, ելնելով իրենց շահերից, ուղղակի և անուղղակի օժանդակում էին Աբդուլ Համիդ II-ին: Ռուսաստանը, պատերազմի մեջ լինելով Ճապոնիայի հետ, չէր ցանկանում լարել հարաբերությունները Թուրքիայի հետ և բացասաբար էր վերաբերվում հայ ազատագրական շարժումներին:
Երկդիմի քաղաքականություն էր վարում Մեծ Բրիտանիայի կառավարությունը: Իմանալով զինատար և հայդուկային խմբեր Սասուն ուղարկելու մասին՝ անգլիացիներն այդ մասին տեղյակ են պահում թուրքերին:
Ֆրանսիան, Գերմանիան և Ավստրո-Հունգարիան ևս սուլթանին սաստելու որևէ քայլ չկատարեցին:
Սասունի դեպքերով չեն վերջանում թուրքական բռնությունները: Սուլթանական զորքերը ավերիչ արշավանքներ են կազմակերպում Մշո դաշտի հայկական գյուղերի վրա: Դիմադրելով ջարդարարներին և հայ բնակչությանը թուրքական նոր սադրանքներից զերծ պահելու համար հայդուկային խմբերի զգալի մասը որոշում է աստիճանաբար հեռանալ Արևմտյան Հայաստանից: Գևորգ Չաուշն իր կողմնակիցներով մնում է երկրում: 1905-1907 թթ. ընթացքում Գ. Չաուշը պայքարում է թուրք և քուրդ հարստահարողների դեմ: Օսմանյան իշխանությունները գերագույն ճիգեր են գործադրում խիզախ հայդուկի հետ հաշվեհարդար տեսնելու համար: 1907թ. մայիսին Սուլուխ գյուղի մոտ նա ծանր վիրավորվում է և կնքում իր մահկանացուն:

Комментарии

Популярные сообщения