Հայ ժողովրդական երաժշտական բանահյուսություն

Ժողովուրդը երաժշտական մշակույթ ստեղծում է և՛ քաղաքներում, և՛ գյուղերում: Այս երկու տարբեր միջավայրերում ստեղծված երաժշտական մշակույթի դրսևորումները տարբերվում են միմյանցից, քանի որ տարբեր է քաղաքաբնակ մարդու և գեղջուկի թե՛ ապրելակերպն ու կենցաղը, թե՛ աշխարհընկալումը: Ազգային մտածելակերպն արտացոլող ֆոլկլորը ծնվում և զարգանում է գյուղական միջավայրում: Մեծ քաղաքներում, ինչպես, օրինակ, Պոլսում, Թբիլիսիում և այլն, հարևանությամբ ապրել են տարբեր ազգեր` հայ, թուրք, վրացի, քուրդ և այլն: Բնականաբար, նրանցից յուրաքանչյուրի մշակույթը սերտ շփումների հետևանքով ազդեցություններ է կրել: Մեծ քաղաքում ստեղծված մշակույթի վրա իրենց կնիքն են դրել տարբեր ազգերը, այդ պատճառով էլ ազգային ամենաբնորոշ մշակույթը գեղջկականն է, որը ծնվում է առավելագույն մեկուսի պայմաններում, գոյատևում է գլխավորապես միևնույն ազգի շրջանում և, հետևաբար, դրսևորում է ազգի մտածողության առանձնահատկությունները: (Այդ օրենքը գործում է այլ ազգերի մշակույթում ևս: Դրա վկայությունն են հունգարացի Բելա Բարտոկի ուսումնասիրությունները` հունգարական և հարևան ազգերի երաժշտական ֆոլկլորի վերաբերյալ):
Գեղջկական երաժշտական ֆոլկլորն ստեղծվում է որպես կենսական պահանջ: Կենսական գործունեության տարբեր դրսևորումներում` աշխատելիս, օրոր ասելիս և այլն, մարդիկ երգել են, և երգը կազմել է տվյալ գործունեության անբաժանելի ուղեկիցը: Բացի այդ, մարդիկ արձագանքել են շրջապատող իրականության ամեն մի երևույթին` բնությանը, իրերին և այլն, և դրանց երգ են նվիրել: Երգի միջոցով արտահայտել են տարբեր զգացմունքները` կարոտը, սերը, ուրախությունն ու տխրությունը: Այլ կերպ ասած` ցանկացած կենսաձև և զգացմունք արտահայտվել է երգի միջոցով (Ի դեպ, նույն երևույթներն ու զգացմունքները դրսևորվել են պարի միջոցով):
Այսպիսով, գեղջկական ֆոլկլորը մարդու գործունեության ձև է, որը կենցաղի անբաժանելի մասն է կազմում: Իհարկե, այն դրսևորվում է որպես արվեստ, բայց նախ և առաջ ստեղծվում է որպես կենսակերպի մի մաս: Այս իմաստով ֆոլկլորը և՛ արվեստ է, և՛ արվեստ չէ:
Ֆոլկլորը ժողովրդական բանավոր անհեղինակ ստեղծագործությունն է: Որպես գործունեության տեսակ, ունի մի քանի ֆունկցիա, որոնցից ամենակարևորներն են` կիրառականը, գեղագիտականը, ճանաչողականը, դաստիարակչականը և հաղորդակցականը (կոմունիկատիվ):
Հայ երաժշտական ֆոլկլորն արտացոլում է հայ ազգի խառնվածքը: Նրանում դրսևորվում է ազգի մտածողությունը, աշխարհընկալումը, հոգեբանությունը, փիլիսոփայական հայացքները, ինչպես նաև պատմությունն ու կենսակերպը, և այդ իմաստով ճանաչողական նշանակություն ունի:
Ընդ որում, գեղջուկն իր ստեղծած երգին արժեք չի տալիս: Երգն ընկալում է, որպես սովորական բան, ինչպես ուտելը, խմելը, խոսելը և այլն: Երգողը երբեք չի մտածում, որ արվեստի գլուխգործոց է ստեղծում:
Երգն ստեղծվում է որոշակի տեղում և ժամանակում` աշխատանքային երգն աշխատելու ժամանակ, հարսանեկան երգը` հարսանիքին և այլն: Օրինակ, տանը դաշտային աշխատանքի հետ կապված երգ երբեք չեն երգի, որովհետև այդպիսի երգը պետք է երգել դաշտում աշխատելու ընթացքում:
Գեղջկական երաժշտական ֆոլկլորն ստեղծում է հասարակ գյուղացին, որն ուսում չունի, որևէ տեղ չի սովորել: Մեկն ստեղծում է մի երգ, մեկ ուրիշը լրացնում է, մյուսը` փոփոխում, հաջորդը` զարդարում, իսկ երբեմն էլ` պարզեցնում, փչացնում և այսպես շարունակ: Երգը տարածվում է տարբեր բնակավայրերում` յուրաքանչյուր վայրում նորանոր փոփոխություններ կրելով, սերնդե սերունդ անցնելով:
Գեղջուկը երգում է ինքն իր համար և դրանով արտահայտում է զգացմունքները, մտահոգությունները, ցավը, սերը, գորովը և այլն: Այս իմաստով երգը նրա համար սփոփիչ, բուժիչ նշանակություն ունի:
Կոմիտասը[1] մի բնութագրական դեպք է պատմում:
«Հառիճի վանքին կից փողոցից մի աղեկտուր երգի ձայն լսեցի: Դուրս թռա, ելա կտուր: Դիմացը, տանիքի վրա նստած է մի չափահաս աղջիկ, աթար է շինում ու երգում. “Մայրիկ ջան, ի՞նչ էնե քու բալեն, մայրիկ ջան, մայրիկ ջան, հարցու իմ հալեն”: Հազիվ արտասանել էր վերջին վանկը, եկավ մի աղջիկ, խոսքի բռնվեցան: Մի քանի րոպե հետո եկողը գնաց, իսկ նա շարունակեց. “Մայրիկ ջան, ա՜խ, ի՞նչ էնեմ: Մայրիկ ջան, անտեր թողիր քու բալին, մայրիկ ջան, անտեր թողիր քու բալին, վայ, վույ, վույ”: Հանկարծ մի պատավ բարկացած գոռաց և ցած կանչեց աղջկան: Անմիջապես վեր ելավ տեղից ու տուն իջավ: …Այնուհետև ականջս դուրսն էր, բայց էլ երգի ձայն չլսեցի: Երգի բովանդակությունից երևում էր աղջկա հոգեկան վիճակը: Չափահաս աղջիկ, ուրիշի տանը, մի կտոր հացի համար կաշկանդված, գործի ժամին, մենակ նստած, հիշում էր մորը, որից, ինչպես ասացին, զրկվել էր փոքրուց»[2]:
Մյուս կողմից էլ, երգը մարդկանց փոխադարձ շփման միջոց է և, որպես այդպիսին` արտահայտում է հանրության (կոլեկտիվի) զգացմունքները: Կրկին բնութագրական է Կոմիտասի նկարագրությունը` Արագած սարի լանջերին գտնվող Հառիճի վանքում տոնակատարության ժամանակ: Վարդավառի տոնին ուխտ էր գնացել մեծ բազմություն: Ուխտին գյուղացի աղջիկները, նորահարսներն ու տղաները, սովորույթի համաձայն, պար են բռնում ու երգում:
Պարում են միասին, իսկ երգում են հերթով` մեկական տուն, խմբով երգում են միայն կրկներգը: Մի քանի հոգով սկսում են պարել ու երգել պարզ խաղիկներ, այնուհետև քիչ-քիչ միանում են մյուսները և աստիճանաբար, խաղիկների կառուցվածքը բարդանում է: Մասնակիցներից յուրաքանչյուրն իր երաժշտական միտքն է ներդնում` համաձայն իր ունակությունների կամ տաղանդի: Վերջում միանում է լավագույն երգողը, որին, որպես կանոն, «համոզում են» միանալ երգ ու պարին: Այս ամենը ներկայանում է որպես երգաստեղծության բնական միջավայր:
Երաժշտական ֆոլկլորը ավանդական մշակույթ է: Դա նշանակում է, որ այն գոյություն ունի դարեր, անգամ հազարամյակներ ի վեր: Հայ երաժշտական ֆոլկլորում պահպանվել են այնպիսի երգեր, որոնք կրում են հեթանոսական ժամանակաշրջանի կնիքը: Յուրաքանչյուր դարաշրջանում ստեղծված երգն արտահայտում է տվյալ շրջանում մարդու մտածողությունը` համաձայն նրա զարգացածության մակարդակին:
Ժամանակի ընթացքում մարդիկ երգում են երգը` զտելով նրանից այն, ինչ հարազատ է իրենց: Երբ ժամանակ է անցնում, և երգը հնանում է, մոռանում են հեղինակին, որովհետև ժողովրդի սրտին մոտ է և հետաքրքիր երգն իր էությամբ, ոչ թե հեղինակը[3]:
Երաժշտական ֆոլկլորը դարերով փոխանցվել է բանավոր, չի նոտագրվել մինչև 19-րդ դար: Բնականաբար, բերնեբերան փոխանցելու ընթացքում երգը փոփոխություններ է կրել` համապատասխան երգողներից յուրաքանչյուրի ընտրության և երաժշտական լսողության: Այդ պրոցեսում շատ երգեր կորել են, և պահպանվել են այն երգերը, որոնք հարազատ և առավել սիրված են եղել ազգի համար: Արդյունքում ստեղծվել է ժողովրդական երաժշտական մշակույթ, որի ձևավորմանը մասնակցել են բազմաթիվ սերունդներ և տարբեր տեղավայրեր: Այսինքն, երգի ստեղծման, պահպանման, ընտրության պրոցեսը մի բարդ համակարգ է:
Երաժշտական ֆոլկլորի ժողովրդին հարազատ նմուշները շատ արագ են տարածվում: Միևնույն գյուղում, բնական է, որ երգում են մեկը մյուսին ունկնդրելով: Սակայն երգի տարածմանը նպաստում են նաև զանազան ժողովրդական արարողությունները: Օրինակ, տարբեր գյուղերից ուխտի են գնում մի որևէ վանք: Յուրաքանչյուր գյուղից եկած մարդիկ այնտեղ երգում են իրենց իմացած երգերը: Մեկը մյուսին լսելով, մարդիկ երգերը բերում են իրենց գյուղ և երգում իրենց ձևով: Արդյունքում առաջանում են միևնույն երգի բազմաթիվ տարբերակներ: Տարբեր գյուղերում, առավել ևս տարբեր գավառներում ստեղծվում են երաժշտական բարբառներ, այսինքն` յուրաքանչյուր տարածքում երգը ձեռք է բերում տվյալ տարածքի երգաստեղծման բնորոշ առանձնահատկությունները: Այս պրոցեսը շատ նման է լեզվի բարբառներին: Հաճախ հարևան գյուղերի բնակիչների խոսվածքն է տարբերվում: Նույն ձևով, լեզվին համապատասխան, տարբերվում է միևնույն երգը տարբեր տեղանքներում:
Երաժշտական բարբառների վրա ազդեցություն ունեն բազմաթիվ գործոններ` կլիման, աշխարհագրական ռելիեֆը և այլն: Օրինակ, լեռներում ապրող մարդն ուրիշ կերպ է երգում, դաշտավայրում` ուրիշ: Լեռներում ապրողների թե՛ խոսակցությունը, թե՛ դրան համապատասխան երգը փոխր-ինչ կոպիտ է և նաև բարձրաձայն, բայց նաև խրոխտ, որովհետև մարդիկ շփվել են մի ժայռից մյուսը: Դաշտերում, ընդհակառակն, ավելի մեղմ են երգում` համահունչ մեղմ կլիմային:
Երաժշտական ֆոլկլորը հաճախ գոյություն ունի մշակութային այլ ձևերի հետ` պարի, կիրառական արվեստի (ազգային տարազ), ժողովրդական թատրոնի (ծիսական արարողությունների): Երգը կապված է տարբեր սովորույթների ու ավանդույթների հետ: Խնջույքներում կամ գեղջկական այլ միջավայրերում խաղում են, հանելուկներ ասում, երգում ու պարում: Այսինքն` երգը սինկրետիկ [4]մշակույթի մի կարևոր մասն է կազմում:
Երաժշտական ֆոլկլորն ունի տարբեր տեսակներ կամ ժանրեր, ըստ թեմատիկայի և ֆունկցիայի: Գեղջկական երգի բանաստեղծական տեքստը հակիրճ է, բայց բովանդակալից, իմաստուն ու պարզ: Երգի տեսակը պայմանավորվում է բանաստեղծական տեքստով, և յուրաքանչյուր տեսակ ունի իրեն բնորոշ առանձնահատկությունները և երաժշտական արտահայտչամիջոցները: Երգի տեսակներից են` աշխատանքային` հողագործական և առտնին, ծիսական, լալիք, վիպերգեր, պատմական երգեր, պարերգեր, կատակերգեր, օրորներ, քնարական երգեր, սիրերգեր, պանդխտության երգեր կամ անտունիներ:
Մինչև 19-րդ դարի երկրորդ կեսը հայ երաժշտական մշակույթը մոնոդիկ[5] էր: Հայ երաժշտության մեջ բազմաձայնություն ներմուծեցին կոմպոզիտորներ Տիգրան Չուխաճյանը (1837-1898), Քրիստոփոր Կարա-Մուրզան (1853-1902) և Մակար Եկմալյանը:
19-րդ դարում հետաքրքրություն սկսվեց երաժշտական ֆոլկլորի նկատմամբ, որպես գեղարվեստական արժեքի: Ք. Կարա-Մուրզան և Մ. Եկմալյանն ստեղծեցին ժողովրդական երգերի առաջին մշակումները:
Սակայն գիտական ֆոլկլորիստիկայի հիմնադիրը դարձավ Կոմիտասը: Դեռևս Էջմիածնի հոգևոր ճեմարանում սովորելու ժամանակ նա ընկերոջ հետ մի գյուղ այցելության ժամանակ պատահական զուգադիպությամբ լսում է ժողովրդական երգ: Այդ դիպվածը ճակատագրական դեր է ունենում ոչ միայն Կոմիտասի, այլև ողջ հայ մշակույթի համար, քանի որ ֆոլկլորը դառնում է Կոմիտասի գործունեության կարևոր ուղղություններից մեկը:
Կոմիտասը տարիներ շարունակ հավաքում էր երաժշտական ֆոլկլոր` կորստից փրկելով բազմաթիվ նմուշներ: Նա այցելում էր տարբեր հայկական բնակավայրեր, տեղում լսում ու գրի էր առնում երգեր ու եղանակներ, այնուհետև ուսումնասիրում էր, դասակարգում, համեմատում: Հայկական երգերից բացի, Կոմիտասը հավաքում էր նաև հարևան ազգերի երգերը` թուրքական, քրդական և այլն, որպեսզի հասկանա յուրաքանչյուր ազգի երաժշտության առանձնահատկությունները և հարևանությամբ ապրող ազգերի երաժշտության փոխազդեցությունները: Դա հնարավորություն էր տալիս զտելու հայկական երաժշտության առանձնահատկությունները:
Կոմիտասն ուսումնասիրում էր պայմաններն ու միջավայրը, որտեղ ծնվում է երգը և դրանց ի հայտ գալու պատճառներն ու հանգամանքները: Նա հայտնագործել է հայ երաժշտության ձայնակարգերի ինքնատիպությունը և կառուցվածքային առանձնահատկությունները:
Կոմիտասը հայտնագործեց նաև, որ հայ երաժշտական ֆոլկլորն ու հայ հոգևոր երաժշտությունը հարազատ են միմյանց կառուցվածքով և ինտոնացիոն հիմքով: Կոմիտասը դրանց անվանում էր «քույր ու եղբայր»:
Կոմիտասը ստեղծել է ժողովրդական երգերի ինքնատիպ մշակումներ, որոնք մտել են համաշխարհային երաժշտական մշակույթի գանձարանը: Նա համարվում է հայ նոր կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը: Կոմիտասի հանճարեղ գյուտն էր պոլիֆոնիկ բազմաձայնության կիրառումը հայ պրոֆեսիոնալ երաժշտության մեջ: Երևույթը կայանում է նրանում, որ Կոմիտասը միաձայն երգի մեջ նկատեց «թաքնված» պոլիֆոնիա:

[1] Հայ կոմպոզիտոր, բանահավաք, ֆոլկլորագետ, երգիչ, խմբավար, մանկավարժ Կոմիտասը (1869-1935) ծնվել է Թուրքիայում, սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա Բեռլինի Հումբոլդտի համալսարանի փիլիսոփայության բաժնում և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում: Այնուհետև ապրել և աշխատել է Էջմիածնում և Պոլսում: Եղել է հոգևորական` վարդապետ: Ստեղծագործական կյանքն ընդհատվել է 1915 թ.-ի Հայոց Եղեռնի հետևանքով: Վախճանվել է Փարիզում: 1936 թ.-ին նրա աճյունը տեղափոխվել է Հայաստան:
[2] Կոմիտաս, Հոդվածներ յեւ ուսումնասիրություններ, Երևան, 1941, էջ 25-26:
[3] Կոմիտաս, Հոդվածներ յեւ ուսումնասիրություններ, Երևան, 1941, էջ 17:
[4] Սինկրետիկ մշակույթը ենթադրում է մշակութային տարբեր ձևերի անբաժան միություն, որն առաջացել է հնագույն արվեստում: Ժամանակի ընթացքում սինկրետիկ արվեստից առանձնացել են արվեստի ինքնուրույն տեսակները` երաժշտություն, պար, թատրոն, պոեզիա, գեղանկարչություն: Ֆոլկլորը պահպանել է սինկրետիզմը:
[5] Մոնոդիկ նշանակում է միաձայն և միաձայնության սահմաններում ինքնաբավարար:

Комментарии

Популярные сообщения