Արևելյան Հայաստան

387 թ. Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի միջև Մեծ Հայքի բաժանման արդյունքում Պարսկաստանին բաժին ընկած մասը ներկայացնող ոչ պաշտոնական անունը: Աշխարհագրորեն Արևելյան Հայաստանը ներառում է ներկայիս ՀՀ, Լեռնային Ղարաբաղի հանրապետության, Ադրբեջանի հանրապետության Նախիջևանի, Կուր գետի աջափնյակի և Վրաստանի հանրապետության Ջավախքի տարածքները: 19րդ դարի առաջին կեսին աստիճանաբար անցել է ռուսական կայսրությանը, նախ՝ Շիրակը, Լոռին, Ղազախը, Շամշադինը, Զանգեզուրը, Ղափանը և Ղարաբաղը, 1813թ. հոկտեմբերի 12-ին Ղարաբաղի Գյուլիստան գյուղում կնքված ռուս-պարսկական հաշտության պայմանագրով, ապա՝ Երևանի և Նախիջևանի խանությունը, 1828 թ. փետրվարի 10-ի Թուրքմենչայի հաշտության պայմանագրով: 1828–29 թթ Թավրիզի, Մակուի, Ուրմիայի, Արդաբիլի, Խոյի, Սալմաստի շրջաններից  8000 հայ ընտանիք՝ շուրջ 45,000 մարդ, գաղթել և բնակություն է հաստատել Երևանի ու Նախիջևանի գավառներում, Զանգեզուրում, Ղարաբաղում և այլ վայրերում:
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի մաս դառնալուց հետո ենթարկվել է մի շարք վարչական բաժանումների, որոնք բոլորն էլ մասնատում էին հայ բնակչությանը: 1828-40թթ. կազմավորված Հայկական մարզի մեջ ընդգրկված էին միայն Երևանի և Նախիջևանի պրովինցիաները (գավառներ)՝ առանց Լոռու, Տավուշի, Շիրակի,  Ջավախքի, Արցախի, Զանգեզուրի: 1844թ. Կովկասում հիմնվում է փոխարքայություն: Նախիջևանը, Էրիվանը, Ալեքսանդրապոլը, Ախալցխան Թիֆլիսի նահանգի կազմում էին, Զանգեզուրը, Շամշադինը, Ղարաբաղը` Շամախու, հետագայում` Ելիզավետպոլի: 1849թ. հատուկ հրամանագրով կազմվում է Էրիվանի նահանգը հինգ գավառներով՝ Էրիվանի, Ալեքսանդրապոլի, Նախիջևանի, Նոր Բայազետի և Օրդուբադի: 1862-ին Ալեքսանդրապոլի գավառի մեջ մտնող Լոռին Էրիվանի նահանգից հանվելով` միացվեց Թիֆլիսին:
1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո կազմավորվեց  4 օկրուգից բաղկացած Կարսի մարզը (Կարս, Կաղզվան, Արդահան,  Օլթի օկրուգներով), տարածքով գրեթե հավասար Երևանի նահանգին: Այս կառուցվածքը պահպանվեց մինչեւ 1917 թ:

Комментарии

Популярные сообщения