Մուշեղ Գալշոյան (1933 - 1980 )

Մուշեղ Գալշոյանի նախնիները ապրել են Արևմտյան Հայաստանի Սասուն լեռնային գավառում, այնտեղ, որտեղ սկիզբ է առել «Սասնա ծռերը»` հայկական հերոսական էպոսը: Սասունցիները քաջ մարդիկ էին և բազմաթիվ կռիվներ են մղել թուրքերի դեմ ու ջախջախել են թուրքական զորքերին, բայց մի գավառը չէր կարող անվերջ դիմադրել մի ողջ պետության: 1915թ. Ցեղասպանությունից հետո դատարկվեց նաև Սասունը, ողջ մնացած սասունցիները սփռվեցին աշխարհով մեկ, շատերը եկան Արևելյան Հայաստան և ապաստան գտան Արագածի փեշերին, Թալինի, Աշտարակի և ուրիշ շրջաններում:
Մուշեղ Գալշոյանը ծնվել է Թալինի շրջանի Աղավնաձոր գյուղում: Նրա հայրը Եղեռնի տարիներին կորցրել էր ամբողջ ընտանիքը ` կնոջը և չորս երեխաներին, եղբայրներին, նորից էր ամուսնացել և մյուս փախստականների հետ բնակություն հաստատել Թալինում: Մուշեղ Գալշոյանը հասակ է առել ահա սասունցի փախստականների միջավայրում, նրանց զրույցների ու հիշողությունների մթնոլորտում: Նրա հերոսները այդ նույն սասունցիներն են, որոնց բնավորությունն ու հոգեբանությունը Մուշեղ Գալշոյանը այնքան լավ էր ուսումնասիրել, համակվել էր կորցրած հայրենիքի հանդեպ նրանց կարոտով:
Գալշոյանը կրթություն էր ստացել Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, բայց գրքի ու գրականության նկատմամբ սերը և գրական ձիրքերը նրան մղում են սկզբում լրագրական, ապա գրական աշխատանքի: Նրա առաջին գիրքը «Ձորի Միրոն» վիպակն էր, պատմությունը մի սասունցու, որը իր նման հազարավորների հետ մի կերպ փրկվել էր ու հասել Արևելյան Հայաստան: Բայց նա խռով էր մնացել ամբողջ աշխարհից այն անարդարության համար, որ գործվել էր իր ժողովրդի հանդեպ, այն բանի համար, որ իրենք չկարողացան փրկել իրենց երկիրը:
Գալշոյանի պատմվածքների ժողովածուն կոչվում է «Մարութա սարի ամպերը»: Մարութա սարը Սասնա լեռներից է, Սասնա յուրատեսակ խորհրդանիշը: Այդ ժողովածուի հերոսները ևս սասունցի փախստականներ են` հավատարիմ Սասնա ավանդներին, սովորություններին, բարոյականությանը: Նրանք որոշ կողմերով նման են էպոսի հերոսներին, նրանց նման կապված են իրենց երկրին և նրանց նման մի քիչ ծուռ են, կարող են այնպիսի բաներ անել, որոնք անսովոր են թվում, բայց իրականում ազնիվ և միամիտ մարդիկ են:
Գալշոյանը հրաշալի գիտեր Սասունի բարբառը, գաղթական սասունցիների հոգեբանությունը, երազանքները և իր պատմվածքներում ստեղծեց սասունցիների տպավորիչ կերպարներ` հմտորեն օգտագործելով բարբառի հնարավորությունները:

Комментарии

Популярные сообщения